Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/5/2022
share

Մարցը միակամ է․ հանք չեն ուզում (տեսանյութ)

Մարցի բնակիչներն անհանգստացած են․ մամուլից տեղեկացել են, որ իրենց գյուղի հանդեպ հետաքրքրություն է դրսևորել հանքարդյունաբերական մի ընկերություն։ Մասնավորապես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում կարդացել են, որ 2022թ․ հունիսի 2-ին Մարցի վարչական շենքում հանրային լսումներ են նշանակված։ «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ն ցանականում է Մարցում ոսկի և բազմամետաղներ որոնել։ Այդ նպատակով Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ 1-ին քննարկումն է նախաձեռնել։
Լսումների մասին համացանցից իմացել է նաև գյուղի վարչական ղեկավարը։ Ասում է՝ տեղյակ չէ այդ նպատակով մինչ այժմ գյուղ մարդ եկել է, թե ոչ։  Բայց ոչ ոքի չեն էլ սպասում։ Վարչական ղեկավարն ասում է՝ կտրականապես դեմ են իրենց գյուղում հանքարդյուանբերական ցանկացած գործունեության։ Իր գյուղի զարգացման համար բոլորովին այլ հեռանկարներ են նախանշված։ Ավանդական անասնապահությունից զատ վերջին տարիներին մեղվաբուծությունն ու զբոսաշրջությունն են զարգացնում։
30 տարի անց կառավարությունը հաստատել է դեպի Մոտկորի ենթաշրջանի գյուղեր տանող 27 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագիրը։ Վարչական ղեկավարը մտահոգություն ունի, որ գյուղի զարգացման հեռանկարները ի չիք կդառնան։
Գյուղացիները հիշում են տարիներ առաջվա իրենց պայքարը, երբ ամբողջ գյուղով պայքարում էին, որ Մարցիգետի վրա Հէկ-եր չկառուցեն, իրենց կարծքիը հաշվի չառնվեց ու հիմա արդեն զգում են դրա բացասական հետևանքները։
Սիրանույշ Խաչատրյանը հույս ունի, որ այս անգամ գյուղացիները մինչև վերջ կպայքարեն իրենց գյուղի առողջ ապագայի համար։
84-ամյա Ջհան Ոսկանյանը ասում է, եթե պատկան մարմինները գյուղի ապագայի համար այդքան մտահոգ են, թող գյուղի խնդիրները լուծեն։ Տարեց բնակիչն ասում է հենց այս մաքուր բնության շնորհիվ է, որ առողջությունից չի բողոքում, պատկառելի տարիքում դեռ աշխատունակությունն էլ չի կորցրել։
Գյուղի բուժքույրն էլ վիճակագրությունն է ներկայացնում։ Վերջերս այստեղ սքրինինգ հետազոտություն է արվել, չարորակ հիվանդությունների դեպքերը բացառիկ են։
27-ամյա Գարիկ Մկրտչյանը 4 տարի ուսանել է Վանաձորում, մի քանի տարի էլ ապրել ու աշխատել է մայրաքաղաքում։ Բայց ի վերջո վերադարձել է հայրենի գյուղ, ու ցանկանում է ապրել հենց հայրենի գյուղում ու պայմաններ ստեղծել նաև իր մյուս հասակակիցների համար։ Ասում է գյուղի ռեսուրսները այնքան շռայլ են, որ զարգացման լայն հեռանկարներ կան։ Ինքն այժմ մեղվաբուծությամբ է զբաղված, մտադիր է մեծացնել մեղվաընտանիքների քանակը։
Գյուղացիներն ասում են՝ ոսկի որոնելու կարիք չկա, այդ հողի տված բարիքները ոսկուց էլ թանկ են։

 

 

4

facebook sharing button facebook